Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Լողափնյա վոլեյբոլի ՀՀ առաջնություն:

Հուլիսի 17-ից մեկնարկվեց 2020 թ. ՀՀ լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկաննների առաջնությունը։ Այս մրցաշարում ես(3) և թմակիցս(2) խաղացինք ՝ Մխիթար Սեբաստացու անվան տակ։

(3 և 2 մեր համարներն են)

Մրցումների հաշվետվություն:

Հունիսի 21-ին ավարտվեց ՀՀ լողափնյա վոլեյբոլի մինջև 18 տարեկանների առաջնությունը:Կրթահամալիրի լրացուցիչ կրթության վոլեյբոլի մեր թիմը մասնակցության այս փուլում ցավոք կիսաեզրափակիչում դուրս մնաց հետագա պայքարից:

Հունիսի 23-ին մեկնարկում է ՀՀ լողափնյա վոլեյբոլի մինչև 19 տարեկանների առաջնություն,որտեղ մենք նորից ներկայացված կլինենք պատանիների 2,իսկ աղջիկների մեկ թիմերով:Հուսով եմ այս անգամ կնվաճենք ավելի բարձր արդյունքներ:

38։00 մեր խաղն է:

Առաջին խաղը
Այստեղ մենք խաղ չունենք

Վերջին Ցուցահանդես

Ես Արմանն եմ, զբաղվում եմ վոլեյբոլով նաև նկարում,քանդակում եմ։Նախ և առաջ, ես ընտրել էի արվեստի հետ կապված առարկաները՝ գծանկար,գունանկար,քանդակ։ Ինչ որ ժամանակ անց հասկացա որ ինձ  համար քանդակը ավելի հարազատ է։

Այս երեք տարիների  ընթացքում ես զգալիորեն լավացրել եմ մարմնի կառուցվածքի քանդակը, նաև ծավալը արտահայտելը։ Այն սովորողներին ովքեր կընտրեն քանդակ խորհուրդ կտամ լսել ընկեր Ալիսին և շատ աշխատել։ Հա,մեկել, որ ավելի հետաքրքիր և հաճելի ժամանակը անցնի ասեք որ ձեր ընկերներն էլ ընտրեն քանդակ։ Մենք մեր սիրելի ընկեր Ալիսի հետ ընտանիք ենք դարձել այս 3 տարիների ընթացքում ։

Եկեք, ցույց տամ իմ աշխատանքները

Հունվարյան Ճամբարի ամփոփում

Սա իմ առաջին փորձն էր,որպես դասավանդող։ Փոքրերի հետ դասը անցնում էր ավելի հանգիստ քան մեծերի։
Մյուս դասավանդողների(12-ների) հետ բաժանել էինք մեր պարտականությունները 3 հոգու մեջ։

Ւմ պարտականությունն էր շարք կանգնացնելը,վազքը և նախավարժանքը։

Մենք շատ շնորհակալ ենք ընկեր Սուսաննային տարբեր մարզական և խաղային իդեաներ տալու համար։

դաս 3.3 դասարանի հետ

2

3․2 դասարան


Հաշվետվություն

Սեպտեմբեր — Քանդակի դպրոցի գույքի թարմացում և Սեպտեմբերի 2-ը պատմության մեջ

Հոկտեմբեր — Ռոմանտիզմը պատմավեպում, Սայաթ-Նովա, Գևորգ Մարզպետունի, Անգլերենի առաջադրանք

Նոյեմբեր — Բաբելոնյան Մաթեմատիկա,Կորոնավիրուսի դեպքերի համեմատում,Պատմավեպ,Մաթեմատիկայի առաջադրանք,Քսենոփոնը և Հայաստանը,

Դեկտեմբեր — Նար-դոս,Վահան Տերյան,Ակսել Բակունց,Եղիշե Չարենց,Դանիել Վարուժան

Նար-Դոս

հայ արձակագիր, գրող

Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 1931 թվականի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է XIX դարի 1880-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ (Նեղ օրերից մեկը, Ես և նա), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։

Գրական-հասարակական հայացքներ

Նար-Դոսը բարձր է գնահատել գրականության դերը հասարակական կյանքում։ Այս իմաստով նա հատկապես արժեքավորել է ռեալիստական գրական մեթոդը շատ խիստ խոսելով նատուրալիզմի դեմ։ Գրական երկը պետք է առողջ զգացումներ արթնացնի մարդկանց մեջ, մինչդեռ Զոլայի նատուրալիզմն իր ժառանգության տեսությամբ, հիվանդացնում է ընթերցողի հոգին ու մարմինը, ջլատում նրա հոգեկան ուժերը, կյանքը մարդու համար դարձնում անտանելի պատիժ։ Գրականությունը բարոյական մեծ արժեքներ ունի հասարակության ու մարդկանց առջև, կոչված է դրականորեն ազդելու «մարդկանց մտքի ու սրտի վրա»։ Բայց այս ներգործուն ուժն ունենալու համար գրողը պետք է հասնի բարձր գեղարվեստականության։ Գրական երկը պետք է ամենից առաջ հարազատ լինի կյանքին և ճշմարտացի արտացոլի մարդկանց հոգեբանությունը։ Ինքնատիպ է ռեալիզմի մասին ունեցած նրա պատկերացումը, նա պետք է հոգեբանության միջոցով կյանքն արտացոլի այնպես, ինչպես որ է։ Սակայն նա կանգ չի առնում այդ աստիճանի վրա գտնում է, որ գրականությունը դաստիարակչական կարևոր անելիք ունի հասարակական կյանքում, մի յուրօրինակ դպրոց է, որը կոչում ունի գտնել արատների վերացման ուղիները։ Այստեղից էլ ծնվում է նրա գրական հայացքները։ Գրականությունը չի կարող անտարբեր մնալ մարդկանց ու ժողովրդի բախտի նկատմամբ։

Նար-Դոսը շատ բան է սովորել նախորդ շրջանի գրողներից` Սունդուկյանից, Րաֆֆուց, Պատկանյանից, բարձր է գնահատել Տուրգենևին, Գոնչարովին, Տոլստոյին, Դոստոևսկուն և Չեխովին, նրանցից սովորել կերպարների վարքագիծը հոգեբանորեն հիմնավորելու արվեստը։

Նար-Դոսի գրական հայացքները սերտորեն կապված են հասարակական իդեալների հետ։ Նա ամբողջովին կապված էր հայ դեմոկրատական տարերքների հետ, համոզված ժողովրդասեր էր, հավատում էր ժողովրդի ներքին ուժերին, հայրենիքի քաղաքական ու սոցիալական վերածնության հնարավորությանը։

Նար-Դոսը դատապարտում էր լիբերալների ազատամտությունը, գործի ու խոսքի հակասությունը և ցույց տալիս, որ գեղեցիկ խոսքի այս ասպետները կտրված են ժողովրդի կյանքից ու մտահոգված չեն նրա կարիքներով։ Մյուս կողմից, նա խոստովանում է, որ ինքը պատահականորեն է ընկել պահպանողական «Նոր դար» լրագրի խմբագրատունը։ Նար-Դոսը հիմնականում դեմ էր նաև պահպանողականների խավարամոլությանը, ծաղրում էր կղերական ոգին, հետամնաց ավանդապահությունը։

Նա քննադատաբար է նայել բուրժուական հասարակությանը, ստեղծելով մի շարք բացասական տիպեր ու բնավորություններ, մերժել է նյութապաշտությունը, դրամական շահատակությունը, եսամոլությունը ու կեղծիքը։ Նար-Դոսը խորապես է ցավում վաշխառուների ճիրաններում անծայր թշվառության ու տգիտության մեջ տառապող գյուղացիության համար, գյուղը պետք է փրկել ու լուսավորել, պետք է անձնվիրաբար հոգալ հասարակ ժողովրդի կարիքները։ Շատ է մտահոգվել նաև Արևմտյան Հայաստանի աշխատավորության քաղաքական ազատագրության խնդիրը։

Ժամանակակիցները Նար-Դոսի մասին

Ժամանակակիցները Նար-Դոսին հիշում են իբրև համեստ, պարզ և համակրելի անձնավորություն։ «Նար-Դոսը մեր խոսքի լուրջ վարպետներից է և մեր գրականության հարատև փառքերից մեկն է», — գրել է Ավետիք Իսահակյանը։ «Նրա հոգին առաքինությունների բյուրեղացումն էր և մարդասեր, ընկերասեր, կարեկցող, ազնիվ և համեստ… Նար-Դոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան էին և իրար չժխտող», — գրում է Ավետիք Իսահակյանը։ Նար-Դոսի հմայքը զգալիորեն պայմանավորված էր նրա մարդկային նկարագրով։

Վահան Տերյան

հայ բանաստեղծ, գրող

Կենսագրություն

Վահան Տերյանը ծնվել է Ախալքալաքի (այժմ Ջավախք) Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից։ Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, որի թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր։

1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ են ընդունում թե՛ ընթերցողները և թե՛ քննադատները։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։


Վահան Տերյանը մանկության տարիներին
1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։

1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին՝ ընդամենը 35 տարեկան հասակում։

Ստեղծագործական լեզվի զարգացման փուլեր

Վահան Տերյանի ստեղծագործական կյանքը, ըստ լեզվի զարգացման, կարելի է բաժանել չորս փուլերի[3]։

Առաջին փուլ-Առաջին փուլն իր մեջ ընդգրկում է բանաստեղծի գրական գործունեության սկզբնական շրջանը մինչև 1908 թվականը` «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի հրատարակությունը։ Հիմք ընդունելով բանաստեղծի ընկերոջ` Պողոս Մակինցյանի կատարած թվագրումները` կարելի է համոզված պնդել, որ դեռևս 1903-1904 թվականներին արդեն գոյություն են ունեցել զուտ տերյանական խոսքով գրված բանաստեղծություններ` «Հրաժեշտ», «Էլեգիա», «Անծանոթ աղջկան» և այլն։ Ստեղծագործական վաղ շրջանում Տերյանի խոսքարվեստն անմիջականորեն կրում էր նաև լեզվի զարգացման նախորդ շրջանի ազդեցությունը։
Երկրորդ փուլ-Տերյանի լեզվի զարգացման երկրորդ փուլը (1909-1912 թվականներ) բանաստեղծի արվեստի գեղարվեստական հասունացման կարևորագույն շրջանն էր, որի լավագույն վկայությունը «Բանաստեղծությունների» առաջին հատորն էր՝ հրատարակված 1912 թվականին։ Վերջինս, բացի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի վերամշակված ու լրացված տարբերակից, ընդգրկում էր նաև «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ» և «Վերադարձ» բանաստեղծական շարքերը։ Մանրակրկիտ վերամշակման ենթարկելով տարիներ առաջ գրված բանաստեղծությունները` Տերյանն իր չափածոյի լեզուն զտեց նախորդ շրջանի լեզվական վերապրուկներից։
Երրորդ փուլ-1910-ական թվականների տերյանական պոեզիայի նոր աստիճանը դրսևորվեց նաև բանաստեղծի լեզվի զարգացման երրորդ փուլում։ 1913 թվականից սկսվեց բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական գործունեության հաջորդ` պետերբուրգյան շրջանը։ Թեմատիկ, ժանրային, տաղաչափական ու լեզվաոճական նոր հնարավորությունների արդյունք էին «Կատվի դրախտ», «Երկիր Նաիրի», «Ոսկե շղթա» շարքերում զետեղված բազմաթիվ ստեղծագործություններ։

Չորրորդ փուլ-Լեզվական որոնումներով ուշագրավ է նաև Տերյանի ստեղծագործական ուղու վերջին` հետհոկտեմբերյան փուլը (1918-1919 թվականներ)։ Բանաստեղծը հեղափոխական շրջանի տրամադրություններն արտացոլող տողերով, հրապարակախոսական մի շարք հոդվածներով տվեց իր անցած ուղու յուրօրինակ գնահատականը։

Բանաստեղծական շարքեր

Մթնշաղի անուրջներ
Գիշեր և հուշեր
Ոսկի հեքիաթ
Վերադարձ
Ոսկե շղթա
Երկիր Նաիրի
Կատվի դրախտ


Վահան Տերյանն իր բանաստեղծությունների մեծ մասը համախմբել է առանձին շարքերի մեջ («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի» և այլն)։ Արևելահայ բանաստեղծության մեջ Տերյանն առաջինն էր, որ դասական մակարդակի է հասցրել շարքերով գրելու սկզբունքը։ Տերյանը մտածում և ստեղծագործում էր ոչ միայն առանձին բանաստեղծությունների, այլև շարքերի միջոցով։ Շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն ներքին կապ ունի քնարական շարքի ընդհանուր մոտիվների ու տրամադրությունների հետ և դրանով իսկ ամբողջացում է շարքի մեջ ներկայացվող հիմնական գիծը։ Իր հերթին շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն նրանից դուրս կարող է ընկալվել որպես առանձին ստեղծագործություն։ Այդպիսին են նաև Տերյանի բանաստեղծությունները։

Ակսել Բակունց

հայ արձակագիր, թարգմանիչ, գրող, սցենարիստ

Կենսագրություն

Ծնվել է 1899 թվականի հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-1918 թվականներին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։

1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով։

Գրական անուն

Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։

Մեծերը Բակունցի մասին

Հայաստանում կա մի գրող, որի բառերը երգում են կոմիտասյան հանգով և փայլատակում Սարյանի կտավների բոլոր գույներով։ Դա Ակսել Բակունցն է։ Նա մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է։

Ավետիք Իսահակյան

Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում, այլև կյանքում։ Մոլորություններ չուներ, եթե չհաշվենք ծխախոտը… «Ամենամեծ անկարգությունը», որ նա կարող էր թույլ տալ, դա այն էր, որ փողոցում կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր. -Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ՜ …

Գուրգեն Մահարի

Քո «Մթնաձորում» թախիծ է ծորում
Եվ կարոտ մանկութ հարազատ ձորի,

Աշխատիր սակայն, որ այդ մութ ձորում

Քո պայծառ ուղին անդարձ չկորի։

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց

հայ արձակագիր, բանաստեղծ, գրող

Անձնական կյանք

1920-1921 թվականներին Եղիշե Չարենցն ապրում էր իր կյանքի ամենաբուռն օրերը։ Այդ աննախադեպ եռուզեռը նրան պարտադրել էր ոչ միայն ազգային, քաղաքական և հանրային կյանքը, այլև անձնական ճակատագիրը։

Ես արդեն անցել եմ ճանապարհը
Երկրային բոլո՜ր հույզերի…

Արտաքուստ բարեկիրթ, անգամ սառը, բայց ներքուստ վարար ու կրքոտ սեր է նա տածել բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի հանդեպ, որը նրանից մեծ էր տասը տարով։ Ա. Տիգրանյանին ձոնած գալանտ երգերը՝ «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով, տպագրվել են մամուլում 1921 թվականին և երկերի ժողովածուի առաջին հատորում՝ 1922 թվականին։ Չարենցի սերն ամենևին անպատասխան չի եղել։ Այդ մասին են վկայում 1964 թվականին տպագրված բանաստեղծությունների ձեռագիր թերթիկները, որոնք նախկինում պահվել են Ա. Տիգրանյանի մոտ։ Այդ թերթիկների հակառակ երեսին ոչ Չարենցի ձեռքով գրված է երկու բանաստեղծություն։ Ամենայն հավանականությամբ դրանց հեղինակը Արմենուհի Տիգրանյանն է։

Հայտնի է Չարենցի սերը բանաստեղծուհի Լեյլիի (Փառանձեմ Սահակյան Տեր-Մկրտչյան) հանդեպ, որը նրանից մեծ էր տասներեք տարով։ Նրան ևս Չարենցը նվիրեց բանաստեղծությունների առանձին մի շարք՝ «Փողոցային պչրուհուն», որը ևս տպագրվեց երկերի ժողովածուի առաջին հատորում 1922 թվականին։ Ի դեպ, այդ շարքը Չարենցը գրել է Լեյլիի ալբոմում, որը սկսվում է Արմենուհի Տիգրանյանի ձեռքով գրված «Նորը լավ է, քան թե հինը…» եռատուն բանաստեղծությամբ՝ թվագրված 1919, ապրիլի 13, Թիֆլիս։ Սա նշանակում է, որ Արմենուհին և Լեյլին մտերիմներ են եղել, որոնց ընդհանուր մտերմությունը վայելել է և Չարենցը։ Նշենք նաև, որ Արմենուհին կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրն է։

Աստղիկ Ղոնդախչյանը եղել է Չարենցի առաջին սերը, ում էլ նվիրել է «Երեք երգ տխրադալուկ աղջկան»]ժողովածուն։ Աստղիկը եղել է երաժիշտ և սովորել է Կարսի, Թիֆլիսի երաժշտանոցներում։ Չարենցը շատ մտերիմ էր նաև Աստղիկի հորեղբոր տղաների հետ։

Կարինե Քոթանճյանի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլ նաև ստեղծագործական։ Նրան է նվիրել «Ծիածան» շարքը։ 1917 թվականի մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։

Լյուսի Թառայանի նկատմամբ Չարենցը նույնպես անտարբեր չի եղել։ Նա եղել է դերասանուհի, ապրել է Բաքվում։ Չարենցը և Լյուսի Թառայանը հանդիպել են 1918 թվականին՝ շատ կարճ ժամանակ։ Չարենցն իր «Չարենցնամե» պոեմում գրել է. «Ես երբեք չեմ մոռանա, Թառայա՛ն»։ Նրա «Բրոնզե քույր իմ, բրոնզե հարս» բանաստեղծությունը նույնպես նվիրված էր Լյուսիին։ 1930-ական թվականներին՝ կնոջ մահից հետո, Չարենցը մտադրվում է ամուսնանալ։ Թեկնածուների մեջ էր նաև այն տարիների Երևանի գեղեցկատես կանանցից մեկը՝ Արաքսյա Մանուկյանը, որով հետագայում գերվել է նաև Ավետիք Իսահակյանը։ Այդ կինը 1930 թվականի սկզբին կորցրել էր ամուսնուն՝ Ստեփան Մանուկյանին, որի աճյունը հիմա հանգչում է Կոմիտասի անվան պանթեոնում՝ Հովհաննես Հովհաննիսյանի կողքին։

Ամբողջ կյանքի ընթացքում, սակայն, Չարենցը չի մոռանում իր առաջին կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածարյանին, որը ծնվել էր 1888 թվականին Նախիջևանում։ Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան ուսումնարանում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայի ուսուցչական համալսարանում։ 1920 թվականին գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների ամերիկյան որբանոցում։ Այստեղ էլ կայանում է Չարենցի հետ նրանց հանդիպումը, և մեկ տարի անց նրանք ամուսնանում են։

Արփենիկին Չարենցը սիրել է մեծ սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Կնոջ հուղարկավորության ժամանակ ամբողջ ճանապարհին, որ ձգվել էր դեպի ներկայիս Կոմիտասի այգին, այսինքն՝ նախկին Մլեր կոչված գերեզմանոցը, կյանքից հուսահատ ու ցավից տառապագին Չարենցը գոռացել է ու ողբացել։ Գերեզմանափոսի մոտ կանգնած դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Ոմանք պատմում են, որ Արփիկի դագաղում՝ ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանաստեղծություններ է թաղել։ Այդ սերը հետագայում շատ է ներշնչել բանաստեղծին։ «Էպիքական լուսաբացը»՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին» ընծայագրով ձոնել է նրան։ Գրքում Արփենիկի հիշատակին նվիրված է նաև երկու սոնետ՝ «Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսական ընկեր», «Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում»։ Նրան է ձոնել նաև «Տաղարան» ժողովածուն։

1931 թվականի սեպտեմբերի 29-ին Չարենցը պաշտոնապես գրանցում է ամուսնությունը Իզաբելլա Կոդաբաշյանի հետ։ Իզաբելլան Չարենցին պարգևում է երկու դուստր՝ Արփենիկը և Անահիտը։ 1932 թվականին ծնվում է Արփենիկը, 1935 թվականին՝ Անահիտը։ Արփենիկին ասել է Բոժիկ՝ փոքրիկ աստվածուհի, իսկ Անահիտին՝ Ադոկ՝ ասորափռյուգիական մեռնող ու հարություն առնող Ադոնիս աստծո անունով։

Կենսագրություն

Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Իրանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալով պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան։


«Եղիշե Չարենց», նկարիչ՝ Վրույր Գալստյան, 1964
1915 թվականին Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին՝ ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ… Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր (Սողոմոնյան)։ Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ։ Այս պոեմը առաջին գրավոր հիշատակություններից է Հայոց եղեռնի մասին։

Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում։

Չարենցի անունը նրան արժանի բարձր գնահատականով ներկայացնելու պատիվը վիճակված էր խոշորագույն քննադատ, Հանրային կրթության և արվեստների նախարար Նիկոլ Աղբալյանին, որն էլ հայ գրական ընկերության անդրանիկ նիստերից մեկը 1919 թվականի հոկտեմբերի 18-ին նվիրեց Չարենցի ստեղծագործությանը։ Բանաստեղծը թեև ներկա չէր երեկոյին, բայց տեղեկացավ գրական այդ իրադարձության մասին։ 1920 թվականի հունվար-մայիս ամիսներին Աղբալյանին ներկայացած բանաստեղծն աշխատանքի է նշանակվել Աղբալյանի ղեկավարած նախարարությունում, որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։ 1920-1921 թվականներին Չարենցին վերստին տեսնում ենք ուսուցչի պաշտոնում։ Այս բարդ ու հարափոփոխ ժամանակների ծնունդն են նրա «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները՝ գրված 1920 թվականին։

1920 թվականի նոյեմբերին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, Լուսավորության ժողովրդական կոմիսարիատում նա ստանձնում է արվեստի բաժնի վարիչի պաշտոն և աշխատում մինչև 1921 թվականի մայիսը։ 1920-ական թվականների առաջին տարիները ևս բուռն շրջան են նրա թե՛ գրական, թե՛ անձնական կյանքում։ Մեկը մյուսի հետևից գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն» շարքերը, «Ամենապոեմ», «Չարենցնամե» պոեմները, շարադրում «Երկիր Նաիրի» վեպը։ 1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, ում հանդեպ տածում էր անսահման սեր ու գորով և ում հետագայում պիտի կոչեր «հերոսական կին և բարեկամ»։ Արփենիկի հետ էլ նա մեկնում է Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում լրացնելու կրթության պակասը։ Սակայն նրա անհանգիստ ոգին չէր կարող տեղավորվել ուսանողական նստարանին։ Կյանքը հոսում էր, գրական գործը՝ եռում։ 1922 թվականին Մոսկվայում նա լույս է ընծայում իր երկերի երկհատոր մեծադիր ժողովածուն, որ ինքնին երևույթ էր այդ տարիների հայ կյանքում։ 1922 թվականի «Երեքի» դեկլարացիայից հետո նա փաստորեն դառնում է նորագույն շրջանի հայ գրականության առաջնորդը։

Աշխարհաճանաչողությունն ընդարձակելու նպատակով, շնորհիվ գրականագետ Հարություն Սուրխաթյանի, 1924 թվականի նոյեմբերի 20-ին Բաթումից Չարենցը մեկնում է արտասահմանյան շրջագայության։ Լինում է Տրապիզոնում, Կ.Պոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում։ 1925 թվականի հուլիսի 31-ին վերադառնալով Երևան՝ նա ստանձնում է նոր կազմավորված «Հոկտեմբեր» գրական միության ղեկավարությունը՝ այն վերանվանելով «Նոյեմբեր»։ Բռնկուն և ազատ տարերքի ստեղծագործող էր Չարենցը։ Այդ տարերքը երկնում էր հանճարեղ գործեր։ Հոգեկան այդ լարված կացության մեջ սիրային մի արկած Չարենցի համար ունենում է տխուր վերջաբան։ 1926 թվականի սեպտեմբերի 5-ին նա ձերբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ Աբովյան փողոցում հոգեկան անհավասարակշիռ կացության մեջ Չարենցը ատրճանակով կրակում և վիրավորում է Մարիաննա Այվազյան անունով մի գեղեցկուհու, որի հանդեպ նախապես ունեցել էր բուռն զգացմունքներ։ Բարեբախտաբար, Չարենցը վրիպում է և սոսկ թեթև քերծվածք պատճառում այդ աղջկան, որը կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քույրն էր։ Այդ արկածից որպես հիշատակ մնում է «Երևանի ուղղիչ տնից» հուշ-ակնարկը։ 1927 թվականին մահանում է Չարենցի կինը։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Մահվան հաջորդ օրն իսկ այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք սիրով ու գուրգուրանքով բերել էր արտասահմանից։ Այրել է, որպեսզի ուրիշի ձեռքը չընկնեն, և դրանով իսկ չնսեմանա սիրելիի հիշատակը։ Իսկ որպես թանկարժեք մասունք՝ իր խնդրանքով քանդակագործ Արա Սարգսյանը հանել է Արփիկի գիպսե դիմակը և ձեռքի կրկնօրինակը։ Դրանք պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։ Այդ օրերին էլ Չարենցը նախաբազկին է դաջել Արփիկի մահվան տարեթիվն ու նրա անունը։ Արփիկի մահից հետո՝ մինչև հարազատների մոտ՝ Մայկոպ մեկնելը, Չարենցը մեկուսացել է շրջապատից, օրեր շարունակ փակվել իր սենյակում և գրել «De profundis» վերնագրով պոեմ, որ հոգեհանգստի աղոթքի տրամադրություններ է ունեցել։

1932 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացած կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։

1936 թվականի հունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարության հետ Խանջյանը սկսում է բանակցություններ վարել, որպեսզի Չարենցին թույլատրեն մեկնել արտասահման՝ բուժման նպատակով։ Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը ձախողում է Չարենցի մեկնումը։ 1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7։00-ին, Կենտրոնական բանտի հիվանդանոցում, օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։ Մարտի 13-ին լրացել էր նրա 40 տարին։ Տարիներ շարունակ տևած այս դաժան ողբերգության գլխավոր դեմքը արյունաքամ և ուժասպառ հեռացավ աշխարհից։ Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, կատարեցին դիահերձում։ Արձանագրության մեջ ասված է. «Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ նախաբազկի արտաքին մակերեսին եղել է դաջված. «1927 թվականի հունվար, Ա.Չ»։ Անջինջ գրերով բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականը։

Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացրել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել է թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է նոյեմբերի 27-ին։ Գերեզմանի տեղը անհայտ է։ Նա, որ վաղուց արդեն լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար, շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությունը ու նաև դրանից հետո։ Մարգարեանալով մի քանի ամիս առաջ՝ 1936 թվականի դեկտեմբերի 15-ին, նա գրել էր.

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։

Գրական անուն

Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

Ստեղծագործությունները

1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող բանաստեղծությունը, իսկ 1914 թվականին արդեն «Եղիշե Չարենց» ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «Երեք երգ տխրադալուկ աղջկան» գրքույկը՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին. այն ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ Հաջորդ տարի՝ 1915 թվականին, լույս է տեսնում «Կապուտաչյա հայրենիք» պոեմը։ 1916 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում «Դանթեական առասպել» պոեմը։ Այդ օրերին էլ մեկնում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Շանյավսկու համալսարանում, և մնում է այնտեղ մինչև 1917 թվականի գարունը։ 1918-1920 թվականներին գրում է «Սոմա», «Ամբոխները խելագարված» պոեմները և «Ողջակիզվող կրակ» շարքը։ 1920-1921 թվականներին Չարենցը գրում է «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները։ 1922-1924 թվականներին Չարենցի նոր որոնումների շրջանն է. ստեղծվում են «Պոեզոզուռնա», «Կոմալմանախ» ժողովածուները, «Ռոմանս անսեր» պոեմը, «Ասպետական» ռապսոդիան, «Կապկազ թամաշան»։ 1915 թվականին նա զինվորագրվում է Քանաքեռում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր՝ հասնում է մինչև Վան։ 1930-ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի Ռուսաստան, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է՝ բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։

Դանիել Վարուժան

XX դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։

Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։

Վարուժանի կյանքը

Վարուժանը ծնվել է 1884 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում, սկզբում Սագըզ Աղաջի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։

Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի պանդուխտ հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։

Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին. տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։ Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։

1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է Լև Տոլստոյի և Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։ Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով։

1905 թ. բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Նրա գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների բարձր մշակույթը. նա խորազնին ուսումնասիրում է XVII-XVIII դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։

Ստանալով բարձրագույն կրթություն՝ բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում։ 1910 թվականի օգոստոսի 15-ին ամուսնանում է իր նախկին աշակերտուհի Արաքսի Թաշճյանի հետ։ 1911 թվականի հունիսի 6-ին նրանց մոտ ծնվում է ավագ զավակը՝ Վերոնիկան, ում հայրը սիրում էր Վարաժնակ կոչել։

1911 թվականին Դանիել Վարուժանը տեղափոխվում է Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912 թվականին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարան՝ տեսչի պաշտոնով։

Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրել է չորս գիրք՝ «Սարսուռներ» (1906), «Ցեղին սիրտը» (1909), «Հեթանոս երգեր» (1912) և «Հացին երգը» (1921, հետմահու)։ Գրել է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։

1914 թվականին հինգ հիմնադիրներից մեկը եղել է «Մեհեան» գրական ամսաթերթին՝ Կոստան Զարյանի, Յակոբ Քյուֆեճյանի (Օշական), Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ, բայց բաժանվել է խմբից երրորդ՝ մարտի համարից հետո։ Հ. Ճ. Սիրունու հետ խմբագրել է «Նաւասարդ» գրական տարեգիրքը, որից լույս է տեսել միայն առաջին հատորը 1914 թվականին։

1915 ապրիլի 24-ին Վարուժանը գտնվել է այն մտավորականների ու հասարակական գործիչների շարքում, որոնք ձերբակալվել են թուրքական ոստիկանության կողմից։ Նա շատերի հետ աքսորվել է Չանղըրը, որտեղ մնացել է կալանավոր։ 26 օգոստոսի 1915 թ., որպես թե տեղափոխվելով Չանղըրըից Այաշ, ճանապարհին նա դաժանորեն սպանվում է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։

1958 թ. փետրվարի 8-ին Գենտում տեղի ունեցավ Վարուժանին նվիրված երեկո։ Փետրվարի 9-ին համալսարանի մատենադարանի մեծ սրահում ամրացվեց հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն, ֆլամանդերեն արձանագրությամբ։ Դիմաքանդակի վրա նշվել են բանաստեղծի հետևյալ խոսքերը՝

ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,
երբոր երազը կ՚ապրի,
երբոր երազն անմահ է։

Ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին իրավացիորեն գրել է <<Հեթանոս երգեր>>Վարուժանը պատկանում է նույնքան Արևմուտքին, որքան Հայաստանին։

Երևանում կան Վարուժանի անվան փողոց, դպրոց։

Վարուժանի ստեղծագործությունները

«Սարսուռներ»

1905 թ. տպագրության է ներկայացրել մի նոր ժողովածու՝ «Սարսուռներ», որտեղ առաջին անգամ ստորագրել է՝ Դանիել Վարուժան։ Սակայն Մխիթարյան հայրերը հարմար չեն գտել ամբողջապես հրատարակել այն։ Բանաստեղծությունների մի մասը նույն թվականին լույս է տեսել «Գեղունի» և «Բազմավեպ» հանդեսներում (1905)։ «Գեղունի»-ում տպագրվածները 1906 թ. հրատարակվել են Վենետիկում «Սարսուռներ» խորագրով։ Ժողովածուն Սիամանթոյի բանաստեղծական շարքերից հետո բերում է նոր գաղափարներ ու նոր ոճ. բնության, սիրո, անորոշ երազանքի տարածված մոտիվների փոխարեն ներշնչանքի աղբյուր է դառնում իրական կյանքը՝ մարդկային ճակատագրերով («Հիվանդ է»)։

Բանաստեղծը խորհում է ժողովրդի և անհատի, արվեստի և իրականության, բանաստեղծի և աշխարհի բարդ ու բազմազան կապերի մասին («Մուսային», «Ավազանին ձուկերուն», «Երազ և խոհ»)՝ արծարծելով մարդու տառապանքների հանդեպ բարության, անձնազոհության, հումանիզմի դեռես աղոտ գաղափարներ։ «Սարսուռներ»-ը որոշ իմաստով գեղարվեստական ծրագիր է, որտեղ նշմարվում են Վարուժանի ապագա ստեղծագործության գրեթե բոլոր հիմնական հատկանիշները։ Բանաստեղծը աշխարհը տեսնում է ռոմանտիկական սուր բևեռացումների մեջ, մտածում վառ արտահայտված պատկերների լեզվով, հոգեբանական ու առարկայական տեսարանները ներկայացնում հատու և խոշոր գծերով։ Շարունակում է ձևավորվել բանաստեղծական աշխարհայեցողության այն կերպը, որով բնութագրվում է մի ամբողջ գրական ուղղություն՝ հայկական նեոռոմանտիզմը, որն իր ամենացայտուն արտահայտությունը պիտի գտներ Վարուժանի ստեղծագործության մեջ։

«Ցեղին սիրտը»Վարուժանի երկրորդ գիրքը՝ «Ցեղին սիրտը» (1909), նշանավորում է արևմտահայ բանաստեղծական մտքի զարգացման մի նոր աստիճան։ Ռեակցիայի ծանր տարիները մնացել էին ետևում։ 1908 թ. երիտթուրքական հեղափոխությունը ժամանակավոր հնարավորություն էր ստեղծել համախմբելու ցրված գրական ուժերը։ Գրական անհատը ներաշխարհի անձուկ ոլորտից դուրս էր գալիս կենսական լուրջ հարցադրումների ասպարեզ։ Վարուժանը դառնում է գրական նոր շարժման կենտրոնական դեմքը։ Ժողովածուի լայնահուն պոեզիան հնչեցնում է ազգային ու համամարդկային ցավի, վրեժի ու պայքարի երգը («Ձոն», «Նեմեսիս»)։ Քաղաքական ու սոցիալական ճնշման «Բագինին վրա» բարոյապես ու ֆիզիկապես ողջակիզվում է ոչ միայն հայը, այլև մարդն առհասարակ («Հայրենիքի ոգին», «Թիապարտները», «Վաղվան բողբոջներ», «Լվացարարուհին», «Ջարդը»)։ Վրեժի ու պայքարի «Կրկեսին մեջ» հերոսանում է ոչ միայն դարերով հալածված մի փոքրիկ ազգ, այլն իր վաղվա օրը կերտող մի ամբողջ մարդկություն («Վերածնություն», «Կռվի երթ», «Վահագն», «Դյուցազնի մը սուրին»)։

Ազգային-ազատագրության հույսերի արթնացման նոր ալիքը քաղաքական ու սոցիալական սուր շեշտվածություն է հաղորդում Վարուժանի բանաստեղծությանը։ «Ցեղին սիրտը» ժողովածուի մեջ նոր ձևով ու բովանդակությամբ շարունակվում են Խ․ Աբովյանի, Ղ. Ալիշանի, Մ․. Պեշիկթաշլյանի, Րաֆֆու ռոմանտիկական ավանդույթները։ Հայրենասիրությունը միայն զգացմունք չէ, այլև գաղափար, աշխարհայացք, գեղարվեստական մթնոլորտի կազմակերպման եղանակ, պոետիկական համակարգը ձնավորող սկզբունք։ Վարուժանը խորապես յուրացրել էր համաշխարհային հին ու նոր մշակույթի փորձը, երազում էր ստեղծել «մարդ էակին գիրքը»՝ իրար ձուլելով արևմտյան մտքի խստությունն ու արևելյան երևակայության կանոնազանց ազատությունը, վենետիկյան գույներն ու ֆլանդրիական «բարբարոս իրապաշտությունը»։ Սակայն ժողովրդի քաղաքական ճակատագրի անհրաժեշտությամբ գեղարվեստական խոսքը պետք է դառնար պայքարի զենք, հագենար հրապարակախոսական տարերքով։ Այս հարկադրական ինքնօտարումը վերաճում է ստեղծագործող անհատի ներքին դրամայի («Տրտունջք»), որով բնութագրվում է ժամանակի արևմտահայ բանաստեղծությունն առհասարակ։ «Ցեղին սիրտը» հարազատ ժողովրդի «ծովածուփ արյան» և ճնշված մարդկության դարավոր տառապանքի աղաղակն է։

«Հեթանոս երգեր»

Վարուժանի յուրաքանչյուր նոր ժողովածու բաց է անում արվեստի նոր ուղղություն, բերում է նոր բովանդակություն ու ոճ, հաստատում գեղարվեստական ձևի նոր սկզբունքներ՝ դասականորեն ներկայացնելով գրական շարժման տվյալ պահի համար բնորոշ միտումները։

«Հեթանոս երգեր»-ը (1912) 1910-ական թթ․ ծայր առած «հեթանոսական» շարժման ամենաամբողջական արտահայտությունն է։ Այս հոսանքի էությունն ազատության, ուժի, գեղեցկության պաշտամունքն էր՝ ի հակադրություն տիրող սոցիալական ու բարոյական անկման, բարքերի ապականության, մարդու բնական նկարագրի աղավաղման։ Գրքի երկու բաժիններում («Հեթանոս երգեր» և «Գողգոթայի ծաղիկներ») Վարուժանը պատկերում է իրարից տարբեր և իրար հակադրվող երկու աշխարհ։ «Ասպետական դարերու, «մեծազոր կենցաղի» փառաբանությունը չէր նշանակում անցյալի իդեալականացում կամ պատմության վաղնջական ժամանակները վերադառնալու կոչ․ դա միայն գեղարվեստական պայմանականություն էր, որով բանաստեղծը մարմին էր տալիս ուժեղ, առնական, կատարյալ մարդու, ազատ, ներդաշնակ ու գեղեցիկ աշխարհի մասին իր իդեալներին («Գեղեցկության արձանին», «Վանատուր», «Հեթանոսական», «Օ՛ Տալիթա», «Արևելյան բաղնիք», «Մեռած աստվածներուն», «Հարճը»)։ Արվեստի հրաշքով նա փորձում է վերագտնել մարդկության կորցրած արժեքները («Բեգաս», «Լույսը»)։

Իդեալի այսպիսի բարձրությունից բուրժուական աշխարհը ներկայացվում է որպես մարդկային չարչարանքի գողգոթա։ Գործարաններում, հանքերում, աշխատանքի բորսաներում եռում է մարդկանց բազմամիլիոն բանակը, ապրելը վերածվում է գոյության ծանր հարկադրանքի։ Մարդն օտարվում է իր նախաստեղծ էությունից, «ոսկի հորթի» պաշտամունքը, կեղծիքը, սուտը եղծում են գեղեցկի մաքուր իդեալը՝ ապրելու երջանկությունը դարձնելով գոյության դրամա («Բանվորուհին», «Սպասում», «Ընկեցիկը», «Մեռնող բանվոր», «Մեքենաները», «Դադար», «Մայիս մեկ»)։

«Հեթանոս երգեր»-ի գեղագիտական համակարգի հիմքը վսեմի կատեգորիան է՝ հերոսականի, ուժի, գեղեցկի կոնկրետ դրսևորումներով։ Եթե կլասիցիստներն անտիկ ժամանակներում փնտրում էին քաղաքացիական արիության ու առաքինության օրինակներ, իսկ Լըկոնտ դը Լիլը՝ սոցիալական ներդաշնակության իդեալ, ապա Վարուժանի ստեղծագործության մեջ հեթանոսական կենցաղի դրվագները վերանում են իրենց պատմական ժամանակից, այդ յուրօրինակ գեղարվեստական իրականության մեջ անունն ու տարազը փոխած ապրում է ժամանակակից մարդը։

«Գողգոթայի ծաղիկներ» շարքը ընդհանրության որոշ եզրեր ունի Էմիլ Վերհառնի ստեղծագործության հետ։ Էական տարբերությունն այն է, որ եթե Վերհառնը համանման բանաստեղծություններում հետևում էր որոշակի սոցիալական ուտոպիայի, ապա Վարուժանի ակնկալած վերածնությունը չէր ենթադրում որևէ հայտնի սկզբունքով կազմակերպված սոցիալական իրականություն, հակառակ ակնհայտ դեմոկրատական կողմնորոշմանը՝ հայ բանաստեղծի իդեալը կապվում էր գեղեցկի, ներդաշնակի, բնականի թագավորության որքան հրապուրիչ, նույնքան էլ անիրական մի աշխարհի հետ։

Բաբելոնյան մաթեմատիկա

Ընդհանուր տեղեկություն

Բաբելոնյան թագավորությունը ձևավորվել է մ.թ.ա. II հազարամյակի սկզբին, որը գտնվում է ժամանակակից Իրաքի տարածքում՝ փոխարինելով Շումերին և Աքքադին և ժառանգելով նրանց զարգացած մշակույթը։ Այն գոյություն է ունեցել մինչև մ.թ.ա 539 թվականը։

Բաբելոնացիները գրել են սեպագրեր կավե աղյուսների վրա, որոնք զգալի թվով հասել են մեզ (ավելի քան 500 000 սեպագրեր, որոնցից մոտ 400-ը կապված են մաթեմատիկայի հետ)։ Հետևաբար մենք ունենք բավականին պատկերացում բաբելոնյան պետության գիտնականների մաթեմատիկական գիտելիքների վերաբերյալ։ Նշենք, որ բաբելոնացիների մշակույթի արմատները հիմնականում գալիս են շումերականների մշակույթից. սեպագրային նամակներ, հաշվելու կարգ և այլն։

Բաբելոնյան մաթեմատիկական տեքստերը հիմնականում կրթական բնույթ են կրում։ Դրանցից երևում է, որ բաբելոնյան հաշվարկման տեխնիկան շատ ավելի առաջադեմ էր, քան եգիպտականըՙ ինչպես նաև լուծվող խնդիրների շրջանակը էապես ավելի լայն էր։ Այդտեղ կային քառակուսային հավասարումների, երկրաչափական պրոգրեսիաների լուծման վերաբերող խնդիրներ։ Որոշման չափով կիրառվել են համամասնությունները, միջին թվաբանականը, տոկոսները։ Պրոգրեսիաների հետ աշխատելու մեթոդները ավելի խորքային էին, քան եգիպտացիներինը։

Բաբելոնյան տեքստերում, ինչպես եգիպտականներում է, տրվում է միայն որոշման ալգորիթմը (կոնկրետ օրինակներ)՝ առանց մեկնաբանությունների և ապացույցների։ Այնուամենայնիվ, ալգորիթմների վերլուծությունը ցույց է տալիս, որ բաբելոնացիների շրջանում զարգացած ընդհանուր մաթեմատիկական տեսությունը անկասկած գոյություն է ունեցել։

Համարակալում

Շումերացիները և բաբելոնացիները օգտագործում էին վեց տասնորդական թվային համակարգը։ Նրանք գրել են մեր նման՝ ձախից աջ։ 60 թվանշանների գրառումը յուրահատուկ էր։ Թվերի համար կար ընդամենը երկու նիշ, որոնք նշանակեցին Մ (միավոր) և Տ (տասնյակ)։ Հետագայում հայտնվեց զրոյի հատուկ նիշը։ 1-ից 9-ը թվերը ներկայացված էին այսպես՝ Մ, ՄՄ, … ՄՄՄՄՄՄՄՄՄ։ Իսկ դրանից հետո Տ, ՏՄ, … ՏՏՏՏՏՄՄՄՄՄՄՄՄՄ (59)։ Նմանապես արձանագրված են ֆրակցիաները։ 1/2, 1/3 և 2/3 հայտնի ֆրակցիաների համար հատուկ սիմվոլներ են եղել։

Հույն և միջնադարյան եվրոպացի մաթեմատիկոսները (այդ թվում` Կոպեռնիկոսը) օգտագործեցին Բաբելոնյան 60-ական համակարգը` ֆրանկցաիների մասերը նշանակելու համար։ Սրա շնորհիվ մենք ժամը բաժանում ենք 60 րոպեի, իսկ րոպեները` 60 վայրկյանի:Պետք է նշել, որ Հին Բաբելոնում, հակառակ տարածված կարծիքի, ժամեր, րոպեներ և վայրկյաններ չեն օգտագործվել։ Դրանց փոխարեն օգտագործվել է «կրկնակի ժամ»՝ 120 ժամվա տևողությամբ, ինչպես նաև «ժամանակային աստիճան»՝ 1/360 օր տեւողությամբ (այսինքն չորս րոպե) և «երրորդ մասը»՝ 31⁄3 վայրկյանի տրողությամբ (ինչպես ժամանակակից հրեական օրացույցում)։

Ժամանակակից գիտական գրականության մեջ օգտագործվում է բաբելոնյան թվերի կոմպակտ գրառումը, օրինակ՝

4,2,10; 46,52

ՀԵտագայում այն ստացավ հետևյալ տեսքը՝ 4 × 3600 + 2 × 60 + 10 + 46/60 + 52/3600:

Պատմական ազդեցություն

Բաբելոնյան մաթեմատիկոսների և աստղագետների զգալի ձեռքբերումները դարձել են հաջորդ քաղաքակրթությունների գիտության հիմքը և առաջին հերթին Հին Հունաստանի քաղաքակրթության գիտական հիմքը։ Սակայն Բաբելոնի մաթեմատիկայի հարուստ տեսական հիմքը ոչ թե ամբողջական բնույթ էր կրում, նվազեցվել է մի շարք տարբեր մեթոդներ, այդտեղ բացակայում էին ապացույցները։ Մաթեմատիկայի համակարգված մոտեցումը միայն հույների շրջանում դրսևորվեց։

Աննա Խաչատրյան

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» Իրավագիտություն և թուրքերեն

Հայոց լեզու և գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Էկոլոգիա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Լիլիթ Յախինյան

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր կազմակերպիչ-դասավանդողի բլոգ

Արման Պողոսյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց 12-5 դասարան