Մուրացանը վեպում պատկերում է Հայաստանը 10-րդ դարում՝ արքա Աշոտ Բ Երկաթին, իշխան Գևորգ Մարզպետունուն, հայ-արաբական պատերազմը, երկրի ներսում տիրող իրավիճակը, տարբեր իշխանների ու նախարարների քաղաքականությունը և այլն։ Վեպը հիմնված է իրական պատմական փաստերի վրա։
Պատմականը վեպում
Այստեղ նկարագրված է Հայաստանը 10-րդ դարում։ Երկիրը կառավարում է «հաղթանդամ» արքա Աշոտ Բ Երկաթը՝ Բագրատունիների արքայատոհմի ներկայացուցիչը։ Ժողովրդի մեջ նա անմահացավ այն ժամանակ, երբ աշխույժ զինված պայքար սկսեց երկար տարիներ Հայաստանը ասպատակող արաբների դեմ։ Պատերազմում հաղթում է Յուսուֆ ամիրային։ Աշոտ Բ-ն կարողացավ վրեժխնդիր լինել որոշ «հագարացի» (արաբ) զորապետերից, որոնք մասնակցել էին իր հոր Սմբատ Ա-ի սպանությանը։ Վրեժը չի հասնում միայն դավաճան Գագիկ Արծրունուն, ում օգնությամբ «հագարացիք» մահապատժի ենթարկեցին Սմբատ Բագրատունուն։ Արծրունին վերջիվերջո Վասպուրականի թագավոր է հռչակվում։
Սակայն խաղաղ կյանքը երկար չի տևում։ Դարձյալ սկսվում են արաբ ժողովրդի ասպատակությունները դեպի հայ հողեր։ Հայաստանը նորից ընկնում է արաբական լծի տակ։ Երկրի ներսում թշնամական իրավիճակ է տիրում։ Իշխաններ Սահակ Սևադան և Ցլիկ Ամրամը, անձնական տարաձայնություններից ելնելով, ապստամբություն են բարձրացնում արքայի դեմ։ Համարյա բոլոր իշխաններն ու նախարարները փակվում են իրենց ամրոցներում և սպասում, թե ինչով կավարտվի ընդվզումը։
Այս ամենը տեսնելով՝ ոտքի է ելնում խիզախ ու հայրենասեր իշխան Գևորգ Մարզպետունին։ Մարտնչելով թշնամիների դեմ՝ նա միաժամանակ փորձում է խելքի բերել ապստամբներին, փորձում է համախմբել բոլոր հայ զորապետերին, նախարարներին։ Մարզպետունին ոգևորում է արքա Աշոտ Երկաթին, երբ մարտի դաշտ է իջնում ընդամենը քսան հոգով և խորամանկությամբ կարողանում է հաղթել թշնամուն։ Դրանից հետո Աշոտը, որ առաջ հոգեպես ծանր վիճակում էր գտնվում, կազմակերպում է հայտնի Սևանի ճակատամարտը։
Աստիճանաբար երկրում ազատության և խաղաղ կյանքի հույսեր են հայտնվում։
Հայրենասիրական շունչը վեպում
Պատմավեպում առկա է հայրենասիրական մեծ ոգի և շունչ։ Գրքի հեղինակը՝ Մուրացանը, իր ընթերցողներին հայրենասիրություն ու խիզախություն է ուսուցանում։ Հենց դա է ստեղծագործության հիմնական գաղափարն ու իմաստը։ Բացի այդ հեղինակը վեպի միջոցով հաղորդում է իր անծայրածիր սերը հայրենիքի նկատմամբ։ Գրքի բովանդակությունը, կարծես յուրօրինակ պատգամ լինի երիտասարդ սերունդներին, ովքեր պետք է դաստիարակվեն գրքի դրական հերոսների նման։
Վեպում շատ կան հայրենասիրական ու հերոսական տեսարաններ։ Օրինակ տեսարանը, երբ Գևորգ Մարզպետունին կույր իշխան ու ապստամբ Սահակ Սևադայի համոզում է հրաժարվել ապստամբությունից և Աշոտ Երկաթից վրեժ լուծելու մտքից, հանուն հայրենիքի, հարազատ ժողովրդի, սուրբ հավատքի։ Սևադան ներում է վերջինիս իր և իր որդու դեմ արված ոճրագործությունը։ Այդ քայլի համար Մարզպետունին Սահակ Սևադային «մեծ հայրենասեր» է կոչում։
Մեծ հայրենասիրական շունչ է պարունակում նաև այն տեսարանը, երբ Գևորգ Մարզպետունին երդվում է հին կաթողիկոս՝ Մաշտոցի գերեզմանի վրա, որ չի վերադառնա հարազատ օջախ, եթե երկրում մնա գոնե մեկ հագարացի։ Մինչև իր կյանքի վերջը՝ նա այդպես էլ տուն չի վերադառնում, որովհետև երկրում դեռ բնակվում էին անմեղ, սովորական հագարացիներ։ Այսինքն երդումն ու հայրենիքն իր համար միշտ մնում են առաջին տեղում, իսկ մնացած ամեն ինչը՝ երկրորդական է։ Ըստ Մարզպետունու՝ հայրենիքը դա սրբությունների սրբությունն է։ Հանուն նրա չի կարելի խնայել բացարձակապես ոչ մի բան։ Զուր չէ, որ Մարզպետունու հայրենասիրական ու հերոսական կերպարը, անմահացել է հայ ժողովրդի մեջ, և որոշ մարդիկ մինչ այսօր էլ հավատում են այդ հաղթանդամ կերպարի հզորությանը։
Կամ տեսարանը, որտեղ Գևորգ Մարզպետունին կռվի դաշտ է իջնում տասնինը զինվորներով։ Չվախենալով մահից, հայ քաջերը, նրանք պատրաստ են զոհաբերել սեփական կյանքը հանուն հայրենիքի փրկության։ Արդյունքում նրանց խիզախությունը պսակվում է հաղթանակով
