Սև անգղը հզոր կտուցով, կարճ, բութ սրված պոչով խոշոր լեշակեր թռչուն է։ Մարմնի երկարությունը 75-100 սմ է, թևերի երկարությունը՝ 72-85 սմ, թևերի բացվածքը՝ 250-295 սմ։ Հասուն թռչունը ունի մուգ շագանակագույն գունավորում, իսկ երիտասարդ թռչունները ավելի սև են՝ կապտավուն փետրազուրկ կոկորդով։
Նախընտրում է նոսր բուսականությամբ պատված լեռներ, գետաձորեր։ Հայաստանում բնադրում է Խոսրովի անտառ պետական արգելոցում։
Վտանգման հիմնական գործոններն են վայրի սմբակավորների թվաքանակի կրճատման հետ կապված կերային բազայի վատթարացումը, ինչպես նաև ապօրինի որսը և թակարդներով բռնելը։
Ապրում են լեռնաշղթաների համեմատաբար փոքր թեքություն ունեցող լանջերին, լեռնատափաստանների տեղամասերով հերթափոխվող գիհու չորային նոսրանտառների սահմաններում և սովորաբար ծովի մակարդակից 1200-2000 մ բարձրություններում։ Բնադրավայրերը, կապված որպես արոտավայր տեղանքի ինտենսիվ օգտագործման հետ, զգալիորեն քայքայվել են։ Բույնը սովորաբար տեղադրվում է բլուրների լանջերին, ծառերի, ավելի հազվադեպ՝ ժայռերի կամ անմիջապես հողի վրա։ Ձվադրման շրջանը տատանվում է հավանաբար փետրվարի երկրորդ կեսից մինչև ապրիլի վերջը։ Հայաստանում հայտնաբերված բներում սովորաբար եղել է 1-2 ձու, որն էգը և արուն հաջորդաբար թխսում են 55 օրվա ընթացքում։ Ձագերը դուրս են գալիս ապրիլի երկրորդ կեսին կամ ամենաուշը հունիսի առաջին կեսին։ Թռչող, երիտասարդ թռչունները նկատվում են հուլիսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբերի վերջը[1]։